Պատկերասրահ
Կուսական բնությամբ լեռներ, անուշաբույր հազարամյա անտառներ, լեռներին ձուլվող երկինք, մեղմ քամի և շոյող արև… Եվ ուրեմն, սա Ծաղկաձորն է… Ծաղկաց ձորը … Հայկական Ալպերը …
Բարի գալուստ լեռնային հյուրընկալության մեր աշխարհ…
Ծաղկաձորը աշխարհի ամենագեղեցիկ լեռնային հանգստավայրերից է: Այսպես են մտածում տեղաբնակները և բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այստեղ:
Կուրորտային հարուստ ավանդույթներով այս հանգստավայրը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավարևելյան մասում, ծովի մակերևույթից 1840մ բարձրության վրա: Այն շրջապատված է խիտ անտառներով ծածկված լեռներով, որոնցից ամնաբարձրերը Թեղենիսն /2820/ ու Ծաղկունյացն /2851/ են: Ոչ վաղ անցյալում Ծաղկաձորը հայտարարվեց միջազգային զբոսաշրջության կենտրոն... Եվ, թերևս, Հայաստանում դժվար թե գտնվի այնպիսի մի հանգստավայր, որը կարողանա առաջարկել ակտիվ հանգստի այսպիսի բազմազանություն:
Ծաղկաձորը լեռնագնացության, ալպինիստական զբոսանքների, լեռնային հեծանվասպորտի և էքստրեմալ այլ սպորտաձևերի սիրահարների մշտական հանգստավայրն է:
Ձմեռը Ծաղկաձորում...
Լեռնային բյուրեղյա մաքրությամբ օդ, մշտապես պարզ և լուսավոր ձմեռային երկինք և ձյունածածկ լեռներ... Համատարած ճերմակություն...
Ձմեռը Ծաղկաձորի եղանակն է ... Այստեղ այն բավականին մեղմ է: Օդի ջերմաստիճանը հունվարին սովորաբար -9օ է: Իսկ սահքի շրջանը սկսում է նոյեմբերի վերջին և ավարտվում ապրիլ ամսի կեսերին: Լեռան լանջերի ձյունածածկ մակերեսը 1.4մ է և, շնորհիվ եղանակային յուրահատուկ պայմանների, նույնիսկ երկար ժամանակ առաջ տեղացած ձյան մակերեսը չի սառցակալում:
Ծաղկաձորը մոգական ուժ ունի. այստեղ մեկ անգամ այցելողները կրկին վերադառնալու ցանկություն են ունենում: Այնպես որ, մեկ անգամ ևս` բարի գալուստ...